Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 2-ին Մարտակերտի շրջանի Վանք համայնքում հանդիպել է «Արցախի Երիտֆորում-2019» ամենամյա ծրագրի մասնակիցների հետ:
Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական միջոցառման անցկացումը՝ որպես ուժեղ կողմ ընդգծելով ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման, ինքնադրսևորմանն ուղղված դասընթացերը, միասնական ճակատով խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու կարողությունը:
Պետական նախարարն ընդհանուր գծերով ներկայացրել է Արցախի տնտեսական քաղաքականությունը, խոսել հեռանկարային ծրագրերից՝ շեշտելով, որ հաջողության հիմքն այդ ծրագրերում երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն է: Գրիգորի Մարտիրոսյանն Արցախի համայնքներում երիտասարդների աշխատանքային հնարավորություններն ընդլայնելու, ձեռնարկությունների ստեղծումը խթանելու նպատակով երիտֆորումի մասնակիցների շրջանում հայտարարել է գործարար ծրագրերի մրցույթ՝ հաջողված 3 ծրագրերի համար 300 հազար դրամ մեկնարկային կապիտալով:
Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: Պետական նախարարը պատասխանել է սոցիալական, ներդրումային քաղաքականությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող տասնյակ հարցերի: