Հրազենային վնասվածքների հետևանքով մահացել է ծագումով Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղից, Ռուսաստանում քրեական հեղինակություն' Սարգիս Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է JAVAKHETI NEWS-ը:
Տվյալ փաստով' Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն (Դիտավորյալ սպանություն) հարուցվել է քրեական գործ: Վրաստանի Ներքին Գործերի Նախարարությունը առայժմ այդ փաստի վերաբերյալ մանրամասն տեղեկություն չի տալիս:
Հուլիսի 26-ին, ժամը 12:26 –ին Ախալքալաքի շտապ օգնության ծառայություն ահազանգ է ստացվել: Փրկարար խումբը ժամանել է դեպքի վայր' Արագվա գյուղի մոտակայք: Ինչպես պարզվել է, մի մեքենա թռել էր ճանապարհից և ղեկին գտնվող մարդը տեղում մահացել էր:
Ականատեսների խոսքով' Սարգիս Հակոբյանն բազմաթիվ հրազենային վնասվածքներ է ստացել, որից 2-ը' գլխին:
Դեպքը տեղի է ունեցել Արագվա գյուղ տանող ճանապարհին, Խանդոի խաչմերուկում (կամ Օրջաի խաչմերուկ): Սարգիս Հակոբյանին սպանողները նրան սպասել են ճանապարհի հարևանությամբ գտնվող փոքրիկ անտառային գոտում: Սարգիսը դուրս էր եկել Խանդոից և շարժվել էր դեպի Արագվայի մայրուղի: Խաչմերուկի մոտ Կալաշնիկով մակնիշի հրազենից կրակել են նրա վրա: Ինչի հետևանքով մեքենան թռել է անտառային գոտու դիմացի տարածք՝ ճանապարհի մյուս կողմը:
Առաջինը մահացածին նկատել է Բուղաշենի մի բնակիչ, ով ճանաչել է նրան: Հենց նա էլ զանգահարել է շտապ օգնություն:
Համագյուղացիների խոսքերով նրա վրա կրակել են երկու տարբեր տեղերից:
Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է Կալաշնիկով մակնիշի մեկ ավտոմատ: