ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները: Ալի Սինդին նշել է, որ իրենք շահագրգռված են Հայաստանի հետ առողջապահության բնագավառում առավել ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում:

 

 

Քրդստանն ունի շուրջ 5 մլն բնակչություն, և առողջապահությունն իրենց երկրի առավել զարգացած ոլորտներից է, որտեղ արդիական է պետական և մասնավոր հատվածների փոխգործակցության խնդիրը: Մասնագիտությամբ բժիշկ նախարարն ընդգծել է, որ ինքը հետաքրքրված է ոլորտում բարեփոխումների իրականացմամբ: Նա նկատել է, որ Հայաստանն արտերկրի ուսանողների համար գրավիչ է բժշկագիտական կրթություն ստանալու տեսակետից:

 

 

Արմեն Մուրադյանը հյուրին է ներկայացրել մեր երկրի առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը' հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում որակի ներդրման և վերահսկման ուղղությամբ: ՀՀ առողջապահության նախարարն անդրադարձել է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, հանրային առողջապահական ծրագրերին' խոսելով նաև իմունականխարգելման ազգային ծրագրի գրանցած հաջողությունների մասին: Ներկայացվել են նաև շտապօգնության ոլորտում իրականացվող բարեփոխումները: «Մենք մեր բոլոր ծրագրերում առաջին հերթին կարևորում ե նք որակի, մատչելիության և հասանելիության սկզբունքը»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը:

 

 

Կողմերը կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը' պայմանավորվածություն ձեռք բերելով քայլեր ձեռնարկել համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ:

 

 

2012թ. սեպտեմբերին Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում պարտավորվել են համագործակցել մի շարք ոլորտներում: 2013թ. մարտին Հայաստանում էր Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությունը: