Նախկին թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ընտանիքի երեք անդամները հնարավոր է զոհվել են Անգլիայի հարավում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով: Այդ մասին տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ յոթ միլիոն ֆունտ արժողությամբ ինքնաթիռը, վայրէջք կատարելով Բլեքբուշի օդանավակայանում, օդաչուի սխալի պատճառով' վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և վթարի ենթարկվել: Ընդսմին ընդգծվել է, որ ավիավթարը չի համարվում ահաբեկչական գործողություն:
Daily Mail պարբերականի տեղեկության համաձայն' ինքնաթիռը Միլանից թռչում էր Հեմփշիր: Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է օդաչուն և երեք ուղևորները: Նրանց անունները դեռևս հայտնի չեն, սակայն, հաղորդում է, որ նրանք եղել են Բեն Լադենի ընտանիքի անդամներ: Ոստիկանությունը դեռևս չի հաստատել ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը: