Վրացական Բաթում, Սուփսա եւ թուրքական Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթն այսօր միջազգային սակարաններում տեղի ունեցած աճուրդներում 1,69 տոկոսով կամ 0,93 դոլարով էժանանալով, մեկ բարելի դիմաց գնահատվել է 54,02 դոլար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (SOCAR) մամուլի ծառայությունը:
Անցյալ շաբաթվա վերջին ադրբեջանական նավթի մեկ բարելն արժեր 57,71 դոլար, իսկ երեկ' 54,95 դոլար:
Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը' 19,15 դոլար գրանցվել էր 2001 թվականի դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը' 149,66 դոլար' 2008 թվականի հուլիսին:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 36 դոլարով ցածր է Azeri LT CIF բարձր տեսակի նավթի, 38 դոլարով ցածր' Brent տեսակի նավթի եւ 43 դոլարով ցածր' WTI տեսակի նավթի ներկայիս գնի համեմատ: