ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է վերջին օրերին գրանցված ծննդկանների մահվան դեպքերը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում օգոստոսի 5-ին նշեց, որ յուրաքանչյուր նման դեպք ողբերգություն է:
«Վերջին օրերին մենք ունեցանք մայրական մահացության ցավալի դեպքեր: Նման դեպքերի հետ կապված անմիջապես սկսվում են իրականացվել միջոցառումներ: Մենք անհրաժեշտ միջոցներ ենք սկսում ձեռնարկել կրիտիկական վիճակի գրանցման պահին՝ տեղեկանալուց անմիջապես հետո: Տեղյակ էինք, որ հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, և իրականացվել է կեսարյան հատում, ծննդկանը ծանր վիճակում էր: Մենք մանրամասն ծանոթացել ենք իրավիճակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Սերգեյ Խաչատրյանը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի խոսքով՝ յուրաքանչյուր դեպքի հետ կապված նախարարությունը հանձնաժողով է կազմում, որում ընդգրկվում են Հանրապետության լավագույն մասնագետները:
«Մեր խնդիրն անաչառ և ազնիվ ուսումնասիրություն իրականացնելն է, բոլոր դեպքերը քննչական մարմինների վարույթի ներքո են: Այս փուլում իրականացվում է նաև տվյալների հավաքագրում, հղիների քարտերի մասին նյութեր են հավաքում, հանդիպումներ անում մասնագետների հետ, քննարկում հնարավոր վարկածները»,- նշեց նա' հավելելով, որ անհրաժեշտ է ուսումնասիրել և մանրամասն վերլուծել հղիության առաջին օրվանից մինչև մահվան առաջացման շրջանը' վերջնական եզրակացությունների հասնելու համար:
«Ուզում եմ խուսափել նաև նախնական եզրակացությունից, նշեմ, որ այս գործընթացը շատ արագ է իրականացվելու: Մենք մեծ ցավ ենք ապրում և տեսնում ենք, թե ինչպիսի հանրային արձագանք են գտնում դեպքերը, բայց հիմա հնչող մեղադրանքներն առանց վերջնական եզրակացության մեզ համար ընդունելի չեն»,- ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը:
Ծննդկաններից Մերի Մարգարյանն «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 27-ին, նույն օրը նրան կատարել էին անհապաղ կեսարյան հատում: Կինը գտնվել է հղիության 35-րդ շաբաթում: Հիվանդի մոտ զարգացել է պոլիօրգանային անբավարարություն, երբ նրա մոտ առաջացել է լյարդ-երիկամային անբավարարություն և երկկողմանի թոքաբորբ: Արդյունքում հիվանդը մահացել է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում օգոստոսի 4-ին էլ մահացել էր 25 շաբաթական հղիությամբ երիտասարդ կին: Գյումրիաբնակ կինը հուլիսի 31-ին տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունք: Նրա մոտ ախտորոշվել էր սրտի նեյտրալ անբավարարության չորրորդ աստիճան, ինչը նշանակում է ծանր սրտային պաթոլոգիա: Հիվանդանոց դիմելու հաջորդ օրը բժիշկները կատարել են հղիության ընդհատում՝ փորձելով փրկել կնոջ կնաքը, սակայն կինը մահացել է: