Մոլորակների եռակի միացումը, երբ երեք մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում' իրար շատ մոտ, հնարավոր է տեսնել աշխարհի տարբեր անկյուններից: Օգոստոսի 6-ի առավոտյան իրար մոտ դիտվում են Վեներան, Ուրանը և Մարսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայկական աստղագիտական ընկերությանը, այսօր մոտ 7.8 աստիճանի սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի սկավառակի անկյունային չափն է կես աստիճան) հնարավոր կլինի դիտել Արեգակնային համակարգի ամենապայծառ մոլորակ՝ Վեներան, ինչպես նաև Ուրանը և Մարսը:
Երեք մոլորակները դասավորված կլինեն եռանկյան տեսքով: Մարսը նույնպես պայծառ է և դիտվում է անզեն աչքով, սակայն Ուրանը տեսնելու համար անհրաժեշտ կլինի օգտագործել հեռադիտակ կամ փոքր աստղադիտակ։
Հիշեցնենք, որ մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն' մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում' որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ' շատ ավելի հաճախակի): Այդ պատճառով, առավել հետաքրքրական են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ): Նշենք, որ մոլորակների միացումը չի նշանակում, որ այդ մոլորակներն իրականում մոտենում են տարածության մեջ: Դա միայն պրոյեկցիայում է:
Այս մոլորակների անցյալ եռակի միացումը դիտվել է 2011թ, մայիսին, իսկ հաջորդը կդիտվի 2015թ․ օգոստոսի 28-ին: