Կառավարությունը հավանություն է տվել աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և շահառու ճանաչված մահացածների բնակարաններըի, նոտարի կողմից ժառանգություն ճանաչելուց հետո, ժառանգներին փոխանցելու վերաբերյալ որոշման նախագիծը: Կառավարության հերթական նիստում նման առաջարկությամբ հանդես է եկել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

 

 

Նախարարի խոսքով' նախագիծն ընդունվել է կարգավորելու Գյումրիի քաղաքի Մուշ-2 և Անի թաղամասերում 2012 թվականին կառուցված շենքերից բնակարան ստացած և բնակարան ստանալուց հետո մահացած անձանց հատկացված բնակարանների նկատմամբ իրավահաջորդության հետ կապված հարցերը:

 

 

Գույքի տիրապետումը ստանձնած անձանց մահվան դեպքում (եթե բնակարանը ստացել է մեկ անձ կամ եթե բնակարան ստացած բոլոր անձինք մահացել են) նրանց հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրի կնքման նվիրառուի իրավունքը վերապահվում է մահացածի ժառանգությունն ընդունած ժառանգներին՝ ժառանգության իրավունքի վկայականի համաձայն իրենց անցած բաժնեմասին հավասար:

 

 

Բնակարանները ժառանգներին են հատկացվելու նախարարություն ներկայացված դիմումի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ժառանգությունն ընդունելու փաստը հաստատող փաստաթղթի համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության և նրանց միջև կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա, մահացած անձի կողմից մինչև բնակարանը ստանալը զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը բնակությունից ազատելու և քանդելու պայմանով:

 

 

Մահացած անձանց ժառանգների ի հայտ չգալու դեպքում նրանց հատկացված բնակարանները, ենթակա են ազատման (առանց օրինական հիմքերի զբաղեցված լինելու պարագայում) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: