Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը խոստովանել է, որ իր աշխատանքն այն ապաստանն է, որտեղ ինքը երջանիկ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով lalsace.fr կայքը, 91-ամյա երգիչն այս մասին ասել է Կոլմար քաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ազնավուրն այդտեղ է ժամանել մասնակցելու էլզասյան գինիների հայտնի փառատոնին (Foire aux Vins d’Alsace), հանդես գալու համերգով:

 

 

Կայքը նշում է, որ հազարավոր երգեր կատարած Ազնավուրի բառարանում չկա թոշակի անցնել արտահայտությունը:

 

 

«Իհարկե, ես փորձել եմ էլզասյան գինին, երբ այստեղ եմ եկել: Ես իմ կյանքի ընթացքում բոլոր գինիները փորձել եմ»,-նշել է Ազնավուրը:

 

 

Նա խոսել է նաև այն մասին, որ իրեն չեն ընդունել երկար ժամանակ: «Նրանք ինձ չե՞ն ցանկանում: Նրանք ինձ մի օր կցանկանան»,- ինքն իրեն ասել է երգիչը: Ազնավուրը խոստովանել է, որ համառ է:

 

 

Երգիչը, ով վերջերս հանրության դատին էր հանձնել իր 51-րդ «Encores» անվանումով ալբոմը, նաև նշել է, որ պետք է իր 54-րդ և 55-րդ ձայնասկավառակները ներկայացնի:

 

 

«Ես շատ եմ սիրում երգեր գրել այն թեմաների մասին, որոնք չեն շոշափվել: Ես ազատ հեղինակ եմ»,-նշել է նա:

 

 

Ազնավուրի կարծիքով՝ ազատությունը շատ գեղեցիկ բան է, բայց չափից դուրս ազատությունը կարող է լինել վնասակար: «Մեր երիտասարդները չպետք է գռեհիկ լինեն: Ես երբեք գռեհիկ չեմ եղել և չեմ էլ լինի.շատ ուշ է»,-ասել է նա:

 

 

Հարցին, թե ով է իր սիրած երգիչը, երգի լեգենդը կատակով պատասխանել է, որ հենց ինքը: «Ես շատ եմ սիրում Զազին, որոշ ռոքերներին»,-ավելացրել է նա:

 

 

Ազնավուրը հավելել է, որ շատ է սիրում կյանքը, իր ընտանիքին, ընկերներին և, իհարկե, շներին: