Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր երկրի քաղաքացիներին այցելել Թուրքիա բացառապես ինքնաթիռով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով irna-ն, նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ, հաշվի առնելով Թուրքիայի հարավում տեղի ունեցող իրադարձություններն ու անվտանգ միջավայրը, խորհուրդ է տրվում իրանցի զբոսաշրջիկներին մեկնել Թուրքիա բացառապես ինքնաթիռով եւ խուսափել ցամաքային տրանսպորտից:
Իրանի ԱԳՆ-ն նման հայտարարություն տարածեց այն բանից հետո, երբ Վան քաղաքում հարձակում էր կատարվել իրանական ավտոբուսի վրա, որի հետեւանքով մեկ իրանցի զբոսաշրջիկ մահացել էր, եւս երեքը վիրավորվել էին: Նույն ժամանակահատվածում գրոհայինները իրանական երկու գնացք էին զավթել, սակայն ուղեւորներին չէին վիրավորել: