Նախորդ մի քանի օրեր ընթացքում Զաբադանիի շրջանում զոհված հալեպահայ Հաբեթ Մանուկ Ապրիկյանը Սիրիայի պաշտպանության նախարարության կողմից հետմահու արժանացել է պատվո սպա կոչմանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Նահատակված զինվորի հուղարկավորությունը տեղի կունենա Հալեպի հայ կաթողիկե Սուրբ Երրորդություն (Զվարթնոց) եկեղեցում:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Դամասկոսի արվարձաններից մեկում' Զաբադանում, որտեղ արյունալի մարտեր են ընթանում զինված ահաբեկչական խմբավորումների դեմ, սիրիական բանակի զինվորներ են զոհվել: Նրանց թվում է եղել 1993թ.-ին ծնված հապելահայ Հաբեթ Մանուկ Ապրիկյանը:

 

Սիրիայում ավելի քան չորս տարի շարունակվող բախումների զոհ է դարձել, ՄԱԿ-ի տվյալներով, 220 հազարից ավելի մարդ: Զոհված հայերի թիվը գերազանցում է 100-ը: