Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայող հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով։ Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի մամուլի ծառայությունը։ 

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ Կարմեն Ասլանյանի և փոխմարզպետ Ալեքսան Ալեքսանյանի հետ այսօր ընդունել է Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողների ծնողներին:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է հանդիպման կարևորությունը նահատակված հերոսների սխրանքները հավերժ հիշելու և նրանց հայրենանվեր գործին արժանին մատուցելու առումով: Նա միաժամանակ իր խոնարհումն է հայտնել հերոսածին ծնողներին, նրանց ընտանիքների անդամներին` վստահեցնելով, որ միշտ իրենց կողքին է և պատրաստ աջակցելու իրենց խնդիրների լուծմանը:

Համահավաք դիվիզիայի հրամանատար և «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ Կարմեն Ասլանյանն էլ ներկայացրել է նահատակված հերոսների սխրանքները, որոնք բարձր են գնահատվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից և վերջինիս հրամանով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողներ հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի.

1.           Հարություն Գևորգի Անդրիասյանը, գյուղ Առատաշեն,

2.           Սարգիս Վահրամի Հարությունյանը, գյուղ Առատաշեն,

3.           Անդրանիկ Մարտիրոսի Շահնազարյանը, գյուղ Տանձուտ,

4.           Արմեն Գուրգենի Մարտիրոսյանը, գյուղ Արգավանդ,

5.           Սմբատ Միհրանի Ավետիսյան, գյուղ Արգավանդ,

6.           Ռոման Սուրիկի Մարգարյան, գյուղ Մարգարա,

7.           Հարություն Սեյրանի Մկրտչյան, գյուղ Նոր Կեսարիա,

8.           Գևորգ Սեյրանի Արշակյան, գյուղ Մրգաշատ,

9.           Գարիկ Գրիգորի Բարսեղյան , գյուղ Մրգաշատ։