Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի Առաքելյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում' ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին' ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը: