Մինչ Թուրքիայում կոալիցիոն կառավարություն ստեղծվելու հետ կապված վերջնական արդյունքի հրապարակմանը մնացել է մեկ օր, թուրքական խորհրդարանում պատգամավորական տեղերի թվով երկրորդը հանդիսացող Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իր կարծիքով' Թուրքիան գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ «կոալիցիա չի լինելու»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԺՀԿ առաջնորդը հայտնել է թուրքական «Ջումհուրիեթ» թերթի հետ զրույցում:

 

«Ըստ իս' կոալիցիա չի լինելու: Թուրքիան գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այդ մասին կհայտարարենք հինգշաբթի երեկոյան», -ասել է նա:

 

Քըլըչդարօղլուն նաեւ հայտարարել է, որ կոալիցիոն կառավարություն ստեղծելու գործընթացի վրա բացասական ազդեցություն է գործում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

Թուրքական խորհրդարանում 80-ական պատգամավորական աթոռներ զբաղեցնող Ազգայնական շարժում (ԱՇԿ) եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների (ԺԴԿ) հետ կոալիցիային կտրականապես դեմ Էրդողանը հայտարարել է, որ եթե օրենքով սահմանված 45 օրերի ընթացքում կոալիցիոն կառավարություն չստեղվի, ապա Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ երկրում ժամանակավոր կառավարություն կհայտարարի, որն էլ կկազմակերպի նոյեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

 

Թերթը գրում է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամների 75 տոկոսը արտահերթ ընտրություններ է ցանկանում: ԱԶԿ-ի ճնշող մեծամասնությունը խիստ սառն է նայում ԺՀԿ-ի հետ կոալիցիային եւ կոալիցիայի կազմում կտրականապես չի ցանկանում տեսնել ոչ ԱՇԿ-ին, ոչ էլ ԺԴԿ-ին:

 

ԺՀԿ-ի հետ կոալիցիային ԱԶԿ-ի դեմ լինելու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ԺՀԿ առաջնորդ Քըլըչդարօղլուն Դավութօղլուի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ իրենց հետ կոալիցիոն կառավարություն ստեղծվելու դեպքում ԺՀԿ-ն դեմ հանդես չի գալու խորհրդարանում 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ի կոռուպցիոն սկանդալի գլխավոր մեղավորներ նախարարների դեմ հետաքննություն սկսելու առաջարկին, ինչին խստորեն դեմ է ԱԶԿ-ն: Բացի այդ, ԺՀԿ-ն երկու տարի ժամկետով պահանջում է արտգործնախարարի, ներքին գործերի, արդարադատության եւ կրթության նախարարների պորտֆելները , ինչպես նաեւ խորհրդարանի խոսնակի պաշտոնը: