Համահայկական 6-րդ ամառային խաղերի պաշտոնական փակումն օգոստոսի 13-ին ազդարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Համահայկական 6-րդ ամառային խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Անցած 11 օրերի ընթացքում քաղաքամայր Երևանը դարձել էր ողջ հայության և հայ մարզիկների յուրահատուկ հավաքատեղին: Դուք հնարավորություն ունեցաք հաստատել նոր շփումներ՝ ձեռք բերելով նոր ընկերներ: Համահայկական խաղերի ամենակարևոր ձեռքբերումը մեր ժողովրդի զավակների մեկտեղումն է մեր հայրենիքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ներկաներին դիմելով ասաց վարչապետ: Հովիկ Աբրահամյանի խոսքով' այս խաղերում չկան հաղթողներ և պարտվող, հաղթել են բոլորը, քանի որ Համահայկական խաղերը միասնության ապացույց են:
Ներկաներին խոսքով դիմեց նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: «Մի քանի ժամ ևս և Համահայկական խաղերը կդառնան պատմություն: Այս պահին հպարտության զգացում ունենք, ուրախության զգացում: Շուտով իրարից բաժանվելու տխրությունը կունենանք, սակայն պետք է հիշենք, որ Համահայկական խաղերն կրում են Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության խորհուրդը»,-ասաց Զաքարյանը:
Այնուհետը ՀՀ վարչապետն անձամբ պարգևատրեց Համահայկական խաղերի գեղեցկության մրցույթի հաղթողին, լավագույն պատվիրակությանը, արդարացի խաղի, մարզական ոգու և համբերության, Համահայկական խաղերի հայտնություն համար մրցանակների արժանացած մասնակիցներին: Լավագույն պատվիրակության մրցանակին արժանացան Մոնրեալի թիմը, արդարացի խաղինը՝ Նիկոսիան, մարզական ոգու և համբերության մրցանակակիրը Սպահանի թիմը, իսկ Համահայկական խաղերի հայտնությունը Մուշի թիմն էր:
Համահայկական խաղերի փակման պաշտոնական արարողությանը ներկա էին նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազրայանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և WBO վարկածով աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: