Օգոստոսի 14-ին հանկարծամահ է եղել Շիրակի թեմի Սբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Զգոն քահանա Անտոնյանը: «Թող ողորմած Աստված իր լուսեղեն հարկերի ներքո ընդունի Տեր Հոր հոգին և մխիթարություն պարգևի ընտանիքի անդամներին ու հավատացյալներին: Տեր Զգոնի վերջին օծման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 16-ին' Գյումրիի Ս. Նշան եկեղեցում: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»:

 

Տեր Զգոն քահանա Անտոնյանը (ավազանի անունը Հովհաննես) ծնվել է 1961թ. օգոստոսի 12-ին Երևանում: 1968-1978թթ. սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոցում: 1983-1988թթ. ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, իսկ հետագայում Բուենոս Այրեսի UCA համալսարանում: 1989թ. մայիսի 8-ին' ձեռանբ Տ. Հուսիկ արքեպիոկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 2002թ. ապրիլի 28-ին' ձեռամբ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ հոգևորական: 2002թ.-ից ծառայության է կոչվել Շիրակի թեմում: