Կյանքից հեռացել է սիրված պարուհի Աստղիկ Զարգարյանը' հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կինը:

 

 

Աստղիկ Արտաշի Զարգարյանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 21-ին Երեւանում: Սովորել է Երեւանի պարարվեստի եւ պլաստիկայի խորեոգրաֆիկ դպրոցում' դասական պարի բաժնում: Կրթությունը շարունակել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բաժնում:

 

 

Այնուհանդերձ, Աստղիկ Զարգարյանի իրական կոչումը եղել է պարը: Նա սկզբում ընդունվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ մասնակցություն է ունեցել մի շարք ներկայացումներին: Մի քանի տարի անց' 1948 թվականին, նա ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի -պարի անսամբլ, որտեղ պարել է ավելի քան քսան տարի եւ որտեղ էլ կայացել է նրա ճակատագրական հանդիպումը մեծ վարպետի հետ: Աստղիկ Զարգարյանը հանդիսատեսին ներկայացել է ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների պարերով' ռուսական, ուկրաինական, վրացական: Առանձնապես հիշարժան են նրա «Մախմուր աղջիկ», «Սարերի հովին մեռնեմ» եւ այլ մենապարեր:

 

 

Աստղիկ Զարգարյանը հայկական պարարվեստը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրներում, արժանացել բազում մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի:

 

 

Աստղիկ Զարգարյանի հոգեհանգստյան արարողությունը կկայանա օգոստոսի 23-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը հաջորդ օրը' օգոստոսի 24-ին: