Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաստիացնում է, որ օբյեկտիվ քննություն կիրականացվի և օբյեկտիվ որոշում կկայացվի տարեց տղամարդու նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի նկատմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Օսիպյանը' նշելով, որ վատ արարք է կատարվել: «Միանշանակ, վատ արարք է տեղի ունեցել' անկախ նրանից, թե դիմացինը ինչ արարք է արել, տարեց է, երիտասարդ է, ահել է, թե՝ ջահել, հանցագործ է, թե՝ ոչ»,- ընդգծեց Վալերի Օսիպյանը:

 

 

Նա նշեց, որ ոստիկանին պատժելու պահանջով ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ հավաքվող քաղաքացիներին պիտի տեղեկացնի, որ այդ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են և կատարվում է ծառայողական քննություն:

 

 

Շենքի մոտ այդ պահանջով, «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպմամբ, այժմ բողոքի ակցիա է անցկացնում մի քանի տասնյակ մարդ։

 

 

Oգոստոսի 21-ին «Ոտքի Հայաստան» նախաձեռնության' Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ընթացքում երկու միջադեպ է տեղի ունեցել դրա մասնակիցների և ոստիկանության միջև, որոնք հարթվել են: Բերման է ենթարկվել 7 անձ, ովքեր հետագայում ազատ են արձակվել:

 

 

ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի ծառայողն ապտակել է մի տարեց տղամարդու: Ոստիկանի լիազորությունները դադարեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն: