ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ինչպես նաեւ 49 պետությունների ներկայացուցիչներ հավաստել են իրենց մասնակցությունն այն հանդիսավոր միջոցառումներին, որոնք սեպտեմբերի 3-ին Պեկինում տեղի են ունենալու Ճապոնիայի դեմ պատերազմում չին ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ փոխնախարար Չժան Մինը:
«Ներկայում 49 երկրներ հավաստել են իրենց մասնակցությունը հանդիսություններին, այդ թվում՝ 30 երկրների առաջնորդներ եւ կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաեւ 19 երկրների բարձրաստիճան պաշտոնական անձինք: Բացի այդ, իրենց մասնակցությունը հաստատել են միջազգային տասը կազմակերպությունների ղեկավարներ»,- հայտնել Է Չժան Մինը հատուկ բրիֆինգի ժամանակ:
Հյուրերի թվում են՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցեւը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը, ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Իրենց մասնակցությունը հաստատած օտարերկրյա ղեկավարների թվում են՝ ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Կորեայի Հանրապետության, Չեխիայի, Մոնղոլիայի, Մյանմայի, Լաոսի, Սերբիայի, Վենեսուելայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Պակիստանի, Տաջիկստանի եւ այլ երկրների նախագահները:
Ֆրանսիան ներկայացնելու Է արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը, Մեծ Բրիտանիան՝ վարչապետի հատուկ պատվիրակ, արդարադատության նախկին նախարար Հարրի Քլարքը:
Մինչդեռ ԱՄՆ-ը, Կանադան, ինչպես նաեւ Գերմանիան եւ ԵՄ-ի այլ երկրներ չեն ուղարկի բարձրաստիճան անձանց, այդ պետությունները ներկայացնելու են Չինաստանում հավատարմագրված դեսպանները:
Շատերն Էին սպասում ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի այցը Պեկին, սակայն այս երկիրը ներկայացնելու Է ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի քարտուղարը:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Չինաստանն այս տարի լայնորեն նշում Է Ճապոնիայի դեմ պատերազմում չին ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակը, ինչպես նաեւ Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակը: Սեպտեմբերին նախատեսված են մի շարք հանդիսավոր միջոցառումներ, այդ թվում եւ վիթխարի զորահանդեսը, որին կմասնակցեն շուրջ 12 հազար զինծառայողներ, 500 միավոր տեխնիկա եւ 200-ից ավելի ինքնաթիռներ: Զորահանդեսի մասնակիցների թվում կլինեն նաեւ 17 երկրների շուրջ հազար զինծառայողներ: