Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը ցանկություն ունի աշխարհի առաջնությանում նվաճել չեմպիոնի կոչումը:
«Ես հրաշալի նախապատրաստվել եմ աշխարհի այս առաջնությանը: Երկու ուսումնամարզական հավաք եմ անցկացրել և մեծ ակնկալիքներ ունեմ աշխարհի առաջնությունից: Մենք լիահույս և վստահ ենք, որ կկարողանանք աշխարհի առաջնությունից Օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերել: Բայց նաև ակնկալում եմ, որ աշխարհի չեմպիոն կդառնամ: Մեդալը երկու կողմ ունի՝ կարևոր է և վարկանիշը և աշխարհի չեմպիոն դառնալը, բայց քանի որ չեմպիոն դառնալով նաև վարկանիշ կունենանք, ուրեմն չեմպիոնությունն առավել կարևոր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Աշխարհի առաջնությունում հանդես կգան հետևյալ ըմբիշները. 59 կգ՝ Ռոման Ամոյան, 66 կգ՝ Միհրան Հարությունյան, 71 կգ՝ Վարշամ Բորանյան, 75 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, 80 կգ՝ Էդուարդ Սարգսյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, 98 կգ՝ Արթուր Ալեքսանյան և գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը: Առաջնությունն այս տարի անցկացվում է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: