ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ռազմական, պետական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցություն եմ հայտնում ականավոր ռազմական, պետական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ։
Դալիբալթայանը արհեստավարժ զինվորական էր, հմուտ հրամանատար եւ կազմակերպիչ, որ իր լավագույն որակները դրսեւորել էր դեռ Սովետական Միության տարիներին՝ արժանանալով սովետական զորքերի գեներալի կոչման։ Նա վաստակել էր բարեկեցիկ եւ հարմարավետ հանգստի գնալու իրավունքը, սակայն, հայրենիքի համար վտանգավոր պահին, երբ թուրք ազերին սպառնաց Արցախին, Հայաստանի սահմաններին, նախնյաց արյան կանչով զորահրամանատարը վերադարձավ հայ ազգին ծառայելու, Հայաստան պետության կայացմանը նպաստելու։ Դալիբալթայանը անուրանալի ավանդ ունի երիտասարդ կադրերին իր փորձը փոխանցելու գործում։ Նա մասնակցություն է ունեցել ինչպես Արցախյան հաղթամարտին, այնպես էլ հայոց կանոնավոր բանակի ստեղծմանն ու այն պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելուն։ Անձամբ ճանաչել եմ Դալիբալթայանին, եւ առանձին մարտական առաջադրանքներ համատեղ ենք իրականացրել։
Վստահաբար կարող ենք պնդել, որ Գուրգեն Դալիբալթայանը հայ ազգի երկրապահ զավակ էր, քանի որ ամեն մի վայրկյան, ամեն մի ակնթարթ մտածում էր հայ ազգին, Հայաստան պետությանը օգտակար լինելու մասին։ Դալիբալթայանի թողած ռազմական ժառանգությունը դեռ սերտելու են սերունդներն ու դրանց հիմքով նորանոր գիտելիքներ են ձեռք բերելու։ Գուրգեն Դալիբալթայանն այն անուններից է, որ անջինջ մնալու է հայոց պատմության մեջ։
Հավերժ փա՛ռք քեզ, իմ մարտական ընկեր»։