ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. 

 

«Եռասերունդ երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկարպահների և իմ անունից խորը ցավակցություն եմ հայտնում կինոյի եւ թատրոնի ականավոր գործիչ, ՀՀ ժողովրդական դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ:

 

Մեծ է եղել դերասանուհու վաստակը հայրենի մշակույթի, թատերարվեստի զարգացման գործում: Վարդուհի Վարդերեսյանի արվեստը ամենաբարձր գնահատանքի է արժանացել բոլոր ժամանակներում: Նրա կերտած յուրաքանչյուր դերը հետք է թողել իր արվեստը գնահատողների ու արժեւորողների սրտում: Թատերական քննադատները բարձր են գնահատել դերասանուհու խաղը, առանձնացրել բոլորից, նշել, որ նրա կերտած դերերում աչքի են ընկնում մեծ դերասանուհու խաղի յուրահատկություններն ու առանձնահատկությունները: Մեծ է հայ բեմի կորուստը: Վարդուհի Վարդերեսյանի մահով աղքատացավ թատրոնի բեմը, հարստացան՝ հայ մշակույթի պատմության էջերը:

 

Վարդուհի Վարդերեսյանը նաեւ հայ ազգի երկրապահ զավակ էր եւ Երկրապահ կամավորականների միության մեծ բարեկամ։ Վարդերեսյանի նման մարդիկ են, որ հայրենասիրության օրինակ են սերունդների համար. պատահական չէ, որ Վարդուհի Վարդերեսյանը պարգեւատրվել էր ԵԿՄ բարձրագույն պարգեւ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով։

 

Վարդուհի Վարդերեսյանի մահն անդառնալի կորուստ էր ոչ միայն նրա հարազատների, այլեւ՝ երկրապահ հայ ազգի, երկրապահական եռասերունդ ընտանիքի համար։ Անձամբ ինձ համար էլ մեծ պատիվ է, որ Վարդուհի Վարդերեսյանին անձամբ ճանաչել եմ, նրա հետ անձամբ շփվելու, նրա տաղանդն ու մեծությունը մոտիկից գնահատելու հնարավորություն եմ ունեցել։ Ես խոնարհվում եմ մեծ հայուհու հիշատակի առջեւ։

 

Հավերժ փա՛ռք քեզ, հայ ազգի հանճարեղ զավակ»։