ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում 39-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ: Սեպտեմբերի 1-ին քաղաքացի Կարինե Հայկարամի Աղաբեկյանի ե ղբոր կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10:40-ի սահմաններում, Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնում Կ.Աղաբեկյանը մահացել է՝ Երևան քաղաքի «Մոր և մանկան առողջության պահպանության գիտահետազոտական կենտրոն»-ի բժիշկների կողմից կատարված սխալ ախտորոշման և վիրահատման արդյունքում:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Մոր և մանկան առողջության պահպանության գիտահետազոտական կենտրոն»-ում օգոստոսի 19-ին հեռացվել է Կ.Աղաբեկյանի արգանդը, որից հետո՝ նույն օրը, նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 1-ին մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցները՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։