ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 33-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. փետրվարի 12-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն ընդունված 33-ամյա կինը փետրվարի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծննդաբերել է, իսկ ժամեր անց՝ ժամը 07:10-ին, բժիշկների ներկայությամբ գրանցվել է նրա մահը։
33-ամյա կինը փետրվարի 12-ին ծննդաբերել է 4-րդ զավակին՝ բնական ճանապարհով:
Նախնական տվյալներով՝ ծննդաբերությունից հետո կնոջ մոտ սկսվել է արյունահոսություն, բժիշկների կողմից ախտորոշվել է պատճառը և կատարվել վիրահատություն, սակայն հիվանդը մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին