Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ լրագրողական նախագիծը (Organized Crime and Corruption Reporting Project – OCCRP) Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին նոր ռեպորտաժ է հրապարակել, որում բացահայտել է Ալիևների և Ադրբեջանի պետական նավթային ընկերության' SOCAR-ի շքեղ զբոսանավերի ու թանկարժեք արտասահմանյան ունեցվածքի հետ կապված «նոր գաղտնիքներ»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, OCCRP-ի' «Ադրբեջան. SOCAR-ի շքեղ զբոսանավերում Ալիևների ընտանիքի և բարեկամների շրջագայությունները» վերնագրով ռեպորտաժում ասվում է, որ 59 մլն դոլար արժողությամբ երկու շքեղ նավերով իշխող վերնախավի ճանապարհորդությունները Ադրբեջանի ժողովրդին զրկում են նավթից ստացվող տարեկան 12 մլն եկամուտից:

 

Հոդվածում նաև նշվում է, որ իշխող ընտանիքն իր ծախսերի համար նախկինում ևս օգտվել է SOCAR-ի փողերից: Ալիևի ընտանիքը Լոնդոնում ունեցած 25 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքը ևս գրանցել է SOCAR-ի անունով:

 

Հիշյալ նավերի անձնակազմի անդամները OCCRP-ին հայտնել են, որ Իլհամ Ալիևի ընտանիքն ու նրանց բարեկամները վերջերս հաճախակի ճանապարհորդել են Սան Տրոպե և Կանն քաղաքներ:

 

Հոդվածում մանրամասն տեղեկություններ են բերվել նաև Ալիևների ընտանիքի իրական եկամուտներից բազմակի անգամ թանկարժեք նոր արտասահմանյան ունեցվածքների մասին: