Արցախի ժողովրդավարական կուսակցության եւ Եվրոպական ազատ դաշինքի համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ԵԱԴ նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին ստորագրել են Համատեղ հռչակագիր:

 

Արցախի ժողովրդավարական կուսակցության և Եվրոպական ազատ դաշինքի համատեղ հռչակագիրը կնքվել է' նկատի ունենալով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի կողմից ազատ ապրելու իրավունքի իրագործումը եւ ինքնորոշման իրավունքի ժողովրդավարական ձգտումների հանդեպ Եվրոպական ազատ դաշինքի աջակցությունն' ընդունելով, որ ժողովրդավարական գործընթացները, նույնիսկ մեկուսացման պայմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաջող եւ հաստատուն առաջընթաց են արձանագրել, ինչի դրսեւորումն են Արցախի քաղաքական մշակույթի անբաժան մաս դարձա ծ ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունները, ողջունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էական ժողովրդավարական առաջընթացը և դրանում Արցախի ժողովրդավարական կուսակցության կարեւոր դերակատարությունը, որն արտահայտվել է հիմնարար ազատությունների, ժողովրդավարության, իշխանությունների տարանջատման, օրենքի գերակայության և կայուն խաղաղության սկզբունքների վրա հիմնվող ու Եվրոպական փորձն օգտագործող արդյունավետ զարգացման մոդելի ներդրման միջոցով:

 

Կողմերն ընդգծել են ԵԱԴ-ի և ԱԺԿ-ի հավատարմությունը եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը' խրախուսելով Եվրամիության ավելի լայն ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային կյանքում և նկատի ունենալով, որ ԵՄ հաստատությունները բազմիցս ընդգծել են Եվրամիության հարեւանության երկրներում ժողովրդավարական արժեքների եւ խաղաղ համագործակցության տարածման անհրաժեշտությունը եւ ճանաչել այս հարցում ԵՄ առանձնահատուկ նշանակությունը:

 

Ըստ հռչակագրի' ԱԺԿ-ի եւ ԵԱԴ-ի հետ փոխկապակցված կուսակցությունների զգալի մասը կանգնած է նույն մարտահրավերների առջեւ, որոնք վերաբերում են ԵՄ ու միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար ազատություններին և, մասնավորապես, սեփական ապագան որոշելու իրավունքին: Կողմերը համոզված են, որ հաստատված հարաբերությունները կլինեն փոխշահավետ և դրանց շնորհիվ նրանք հանդես կգան որպես հիմնական դերակատարներ և վստահելի գործընկերներ եվրոպական հիմնարար արժեքների և սկզբունքների տարածման գործում՝ դրական ազդեցություն գործելով ողջ տարածաշրջանի վրա:

 

ԱԺԿ և ԵԱԴ համաձայնել են համագործակցել' նպատակ ունենալով փոխանակել անկախության գործընթացի և ժողովրդավարական ու խաղաղ միջոցներով ինքնիշխանության հասնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փորձը ԵԱԴ եւ անդամ կուսակցությունների հետ, ներգրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային գործընթացների մեջ, ինչպես նաեւ ԵՄ հաստատություններում ու մարմիններում, եւ նպաստել Արցախի ներկայացուցիչների մասնակցությանը այդ հարթակներում՝ սատարելով նրա միջազգային ճանաչմանը, նպաստել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաÕ ² կարգավորմանը՝ ԼՂՀ ուղղակի մասնակցությամբ եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա՝ բացառելով բոլոր կարգի բռնություններն ու ագրեսիաները:

 

Այսպիսով, ԵԱԴ և ԱԺԿ վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Եվրամիությունում հուսալի եւ վստահելի գործընկերներ լինելու վճռականությունը: