Վերին Լարսում հայկական բեռնատարների կուտակումներն արդեն երկու տարի սովորական երևույթ են դարձել: Մեքենաների կուտակման հիմնական պատճառը Թուրքիայից ավտոմեքենաների հոսքի ավելացումն է, ինչի հետևանքով առաջանում են հերթեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց Միջազգային բեռնափոխադրումների ասոցացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը՝ մեկնաբանելով տարածված լ ուրերն այն մասին, թե այս օրերին Վերին Լարսի անցակետում լարված իրավիճակ է, հերթի մեջ բազմաթիվ հայկական բեռնատար մեքենաներ են կուտակվել:

 

«Այդտեղ որևէ արտառոց բան չկա: Արդեն երկու տարի է՝ դա սովորական վիճակ է: Մեքենաները հերթ են կանգնում, սպասում են իրենց հերթին և անցնում են: Քանի որ մեքենաները շատ են, կուտակումներ են առաջանում: Եթե նախկինում Թուրքիան Ռուսաստան ապրանք էր արտահանում լաստանավերի միջոցով, ապա հիմա նրանք դա անում են մեքենաներով, քանի որ հասկացել են, որ դա ավելի շահավետ եղանակ է: Հերթերի հիմնական պատճառներից մեկը դա է»,- ընդգծեց Համբարձումյանը:

 

Նա հայտնեց, որ խնդիրն անհանգստացնում է Հայաստանի իշխանություններին: «Մեր վարչապետը Ռուսաստանի իր գործընկերոջն առաջարկել է Վերին Լարսի անցակետում ավելացնել աշխատակիցների քանակը կամ առանձին պատուհան բացել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների բեռնափոխադրողներին սպասարկելու համար»,- ընդգծեց Համբարձումյանը՝ հույս հայտնելով, որ ռուսական կողմն ի վերջո խնդրին լուծում կտա: