Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների խնդիրը կարգավորելու հայկական կողմի առաջարկները Ռուսաստանի համար սկզբունքորեն ընդունելի են: Հայկական կողմն այս պահին ակնկալում է հստակ գործողություներ այդ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոն յանը հաստատեց, որ Վերին Լարսի անցակետում կուտակումներից խուսափելու համար հայկական կողմը ՌԴ-ին առաջարկել է ավելացնել աշխատակազմը կամ մեկ առանձին պատուհան բացել ԵԱՏՄ անդամ երկրների բեռնափոխադրողների սպասարկման համար:

 

«Ռուսաստանում կան գերատեսչություններ, որոնք զբաղվում են հենց անցակետերի ենթակառուցվածքների բարելավմամբ, սպասարկող անձնակազմի աշխատակազմի հարցերով: Մենք արդեն այդ գերատեսչություններից տեղեկատվություն ստացել ենք, համաձայնության ենք եկել որոշ հարցերում: Տարբեր մակարդակներով այդ խնդիրը քննարկում ենք, Հայաստանի վարչապետն է այդ հարցը բարձրացնում, տրանսպորտի և կապի նախարարն էլ իր գործընկերների հետ տարբեր հանդիպումների ժամանակ անդրադառնում է այդ հարցին»,- ասաց Մելքոնյանը:

 

Նա նշեց, որ հայկական կողմն ունի իր առաջարկների փաթեթը, որը ներկայացնում է ՌԴ-ին, որոնք ընդունելու և հստակ գործնական քայլեր ձեռնարկելու դեպքում խնդիրը լուծում կստանա: «Համենայն դեպս, գոնե որոշ չափով բարելավում կլինի: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այլ պետության ճանապարհներ են, երկու այլ երկրների սահմանակետեր, և այդ դեպքում պետք է հանդես գալ այնպիսի առաջարկություններով, որոնք արդյունավետ կլինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծեց Դավիթ Մելքոնյանը:

 

Եզրափակելով խոսքը՝ Մելքոնյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՌԴ-ն սկզբունքորեն ընդունել է հայկական կողմի առաջարկները՝ հույս հայտնելով, որ առաջիկայում արդեն կլինեն գործնական քայլեր և խնդիրը լուծում կստանա: