«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի Հանրապետության շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները և առաջարկությունները: Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին:
Հանրապետության Նախագահը կարևորել է զորավարժությունների անցկացումը՝ որոշակի իրավիճակներում օպերատիվ և արդյունավետ գործելու, պետական մարմինների կարողություններն ու պատրաստվածության աստիճանն այդ իրավիճակներում փորձարկելու տեսանկյունից:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում: