Արցախի Հանրապետությունում սկսված գարնանացան մշակաբույսերի բերքահավաքն ընթանում է բնականոն հունով: Նման գնահատական է տվել Արցախի Հանրապետության գյուղնախարար Արամ Մխոյանը' սեպտեմբերի 4-ին վարչապետ Արայիկ Հարությունյանի հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր գարնանացան մշակաբույսերի բերքահավաքին, աշնանացանի նախապատրաստությանը և անասնապահական որոշ խնդիրների:

 

Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղնախարար Արամ Մխոյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը, շրջվարչակազմերի ղեկավարներն ու հողագործության բաժինների և մեքենատրակտորային կայանների պատասխանատուները:

 

Գյուղնախարարի խոսքով՝ որոշ ցանքատարածություններում սակավաջրության պատճառով կորուստներ կան, սակայն ընդհանուր բերքահավաքն ընթանում է բնականոն: Բանջարաբոստանային մշակաբույսերի բերքատվությունն անցած տարվա ցուցանիշից բարձր է ակնկալվում: Վարչապետը հանձնարարել է հետաքրքրվել, թե ինչքան է հանրապետությունում բանջարեղեն մթերող կազմակերպությունների պահանջարկը և ներմուծված մթերքի քանակը՝ անհրաժեշտության դեպքում բերքի իրացման գործում արտադրողներին աջակցելու համար:

 

Անդրադառնալով հանրապետությունում առկա անասնապահական խնդիրներին' գյուղնախարարը նշել է, որ անասունների հիվանդացման միտումը, կանխարգելիչ միջոցառումներն իրականացնելուց հետո, նվազել է. ընդհանուր առմամբ, 1700 գլուխ անասուն է հիվանդացել, որից 1000-ն արդեն բուժվել է, իսկ կորստի դեպքերը 20 է: Վարչապետը հանձնարարել է հետևողական լինել անհրաժեշտ միջոցառումները ժամանակին կատարելու և հիվանդությունների տարածումը կանխելու հարցում:

 

Խորհրդակցությանը քննարկվել է նաև աշնանացանի նախապատրաստության հարցը: Վարչապետը հանձնարարել է, որ շրջաններից «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամ հայտերը ներկայացվեն ժամանակին' հողօգտագործողներին պետական աջակցությունն արդյունավետ կազմակերպելու համար: «Նախորդ տարվա նմանությամբ՝ այս տարի ևս բազմակողմանի աջակցություն ենք ցուցաբերելու հողամշակներին, որը կընդգրկի դիզվառելիքի, պարարտանյութերի, սերմացուների գների սուբսիդավորում, ինչպես նաև մեքենատրակտորային մատչելի ծառայություններ: Գյուղացին պետք է զգա, որ կառավարությունն իր կողքին կանգնած է: Հանձնարարում եմ չհապաղել գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հարցում և ժամանակին ներկայացնել համապատասխան հայտերը»,- նշել է վարչապետ Հարությունյանը:

 

Քննարկվել է նաև հրդեհված ցանքատարածությունների առանձին սեփականատերերին աջակցելու հարցը, որի մասով համապատասխան որոշումներ կկայացվեն:

 

Խորհրդակցության ավարտին քննարկվել են հանրապետության ոռոգման համակարգն արդիականացնելու, նոր տեխնոլոգիաների կիրառումն ընդլայնելու, ջրային ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու և սև ցելի ծրագիրը մոտ ապագայում ցանքաշրջանառությամբ փոխարինելու' գյուղնախարարության կողմից արված առաջարկությունները:

 

Վարչապետը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ և պահանջել հետևողական լինել սկսած աշխատանքներն արդյունավետ շարունակելու հարցում: