«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը չի պատրաստվում հրաժարվել պատգամավորական մանդատից: Բեքարյանը ՀՀԿ համամասնական ցուցակում հաջորդն է, ով պետք է վերցնի արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարեն Բեքարյանը նշեց, որ պատրաստվում է աշխատանքի անցնել խորհրդարանում որպես պատգամավոր: «Ես արդեն ասել եմ, որ այդ հարցում իմ մոտեցումը դրական է: Ես կվերցնեմ մանդատը, չեմ պատրաստվում հրաժարվել»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում պատկերացնում աշխատանքը խորհրդարանում, Բեքարյանն ընդգծեց, որ դրա մասին լրագրողների հետ կիսվելու համար դեռ ժամանակ կունենա: «Ես այս պահին կազմակերպչական հարցերի մեջ եմ առավելապես»,- եզրափակեց նա:
Սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում: Արփինե Հովհաննիսյանը 2012թ. Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով: Կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն «Եվրոպական ինտեգրացիա» հասարակակակն կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն է: