Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կոչով դիմել է դպրոցականների ծնողներին: Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Մեր հասարակությունն այսօր որպես օտար լեզու, մեծավ մասամբ, գերադասում է անգլերենն ու ամեն տեսակ ճնշման են ենթարկում տնօրեններին, որոնք էլ աշակերտ չկորցնելու համար, տեղի են տալիս ու աստիճանաբար ֆրանսերենն ու գերմաներենն իրենց տեղը զիճում են անգլերենին:

 

Կրթության նախարարությունն ու Երևանի կրթության վարչությունը, չնայած նախարարի կոշտ հորդորին, որ այդպես չի կարելի, չեն կարողանում այս մտածելակերպը փոխել: Հատկապես ֆրանսերենի դեպքում զարմանալի է քաղաքապետարանի լուռ համաձայնությունն այն դեպքերում, երբ ծնողների ճնշման տակ որոշ դպրոցներում ֆրանսերենն աստիճանաբար դուրս է մղվում: Եվ սա այն դեպքում, երբ Երևանն ընդրկված լինելով ֆրանկոֆոն քաղաքների ցանկում, հոկտեմբերին այստեղ հյուրընկալելու է միջազգային համաժողով, որը ենթադրում է, որ պետք է ներկայացվի այս ուղղությամբ Երևանի դպրոցներում ֆրանսերենը, որպես օտար լեզու, տարածելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

 

Մեր ծնողներին պետք է հստակ ասվի, որ Հայաստանի բուհերն այսօր շատ սերտ համագործակցում են Եվրոպայի բազմաթիվ երկրների բուհերի հետ, որտեղ լեզուն ֆրանսերենն ու գերմաներենն է: Մեր և եվրոպական բուհերի միջև իրականացվող բազմաթիվ ծրագրերի շնորհիվ այդ օտար լեզուներին տիրապետող շատ երիտասարդներ իրենց մասնագիտությունների մեջ հմտանալու և կատարելագործվելու հնարավորություններ են ունենում Եվրոպայում: Հատկապես Գերմանիայում, որտեղ բուհական կրթությունն արդեն անվճար է բոլորի համար:

 

Յուրաքանչյուր դպրոցում, ստեղծման պահից նախարարության որոշմամբ է դասավանդվում առաջին օտար լեզուն,ինչպես օրինակ, Շենգավիթում,իսկ երկրորդ օտար լեզուն մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է դասավանդվել 5-րդ դասարանից:

 

Հարգելի ծնողներ, խնդրում եմ, մի՛ միջամտեք դպրոցում օտար լեզվի ընտրության գործընթացին , դա դպրոցի նեքին խնդիրն է»: