ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուն կողոպտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 2015 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Կապան քաղաքի բնակիչ Ա.Մկրտչյանն իր անձնական օգտագործման «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի Ջինք Մինգուանգի Շուին Կապան քաղաքից Մեղրի քաղաք տեղափոխելու ընթացքում բացահայտ հափշտակել է վերջինիս անձնական իրերը՝ ծանրոցները, ուսապարկը, որի մեջ եղել է 1000 ԱՄՆ դոլար, 230 եվրո, 7000 ՀՀ դրամ, 1000 չինական յուան՝ պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս եւ դիմել փախուստի:

 

Ա.Մկրտչյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կապանի բաժին: ՉԺՀ քաղաքացուն վերադարձվել են 698 հազար դրամ ընդհանուր գումարով մեղադրյալի մոտ հայտնաբերված տարբեր տարադրամները և անձնական իրերը:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

 

2015 թվականի սեպտեմբերի 7-ին, քննիչի միջնորդության հիման վրա, Ա.Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

Նախաքննությունը շարունակվում է: