Գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Շուշանիկ Իսրայելյանը քիչ առաջ  ԿԸՀ-ում ներկայացրեց մինչև քվեարկության օրը, ինչպես նաև այսօր ստացված դիմումների, հաղորդումների վերաբերյալ տեղեկություններ:

Նա նշեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հսկողության  արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Գլխավոր դատախազությունում 2018թ. օգոստոսի 28-ին ստեղծվել է աշխատանքային խումբ:

 

Նա ընդգծեց՝ մինչ այս պահը հարուցվել է 4 քրեական գործ: Դրանցից 3-ը մինչև ժամը 8-ը, իսկ 1-ը՝ մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում:

«Մինչև 08:00-ի դրությամբ ընտրապախտումների վերաբերյալ ստացված դիմումների ու խախտումների վերաբերյալ ուսումնասիրության տվյալներն են՝ 08:00-ի դրությամբ ուսումնասիրվել է մամուլի 15 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով:

Արձակագրվել է քաղաքացու կողմից ոստիկանություն դիմում-հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 74 դեպք, ընդհանուր 94 հաղորդում: Նշված առերևույթ իրավախախտումներից 19 վերաբերել են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 21-ը՝ ընտրակաշառք տալուն, 4-ը՝ քարոզչություն կատարելուն, հարակադրելուն, 49-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու խախտմանը, 1-ը այլ դեպք»,- նշեց Իսրայելյանը:

Նա նշեց, որ 82 դեպքով ոստիկանության կողմից ստուգումներ են կատարվել: 9 դեպքով ՀՀ քրեական դատավարության 180, 81-րդ հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր, իսկ 3 դեպքով հարուցվել է քրեական գործ, դրանցից 1-ը հարուցվել է Աջափնյակ և Դավթաշեն, 1-ը Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների, իսկ մյուսը՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում. «Բոլորը վերաբերում են ընտրակաշառք տալու դեպքերին»,- ասաց Շուշանիկ Իսրայելյանը:

 

Նրա խոսքով՝ մինչև ժամը 13:00-ի դրությամբ ուսումնասիրվել մամուլի 19 հրապարակում, սոցիալական ցանցերում արված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից ոստիկանություն  դիմում-հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու 89 դեպք: Ժամը 13:00-ի դրությամբ ստացվել է 123 հաղորդում, որի մեջ ներառվում են վերը նշված հաղորդումները: