ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու հատկանիշներով:
Նախնական տվյալներով՝ 2015թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան փողոցում՝ 153/2 հասցեի դիմաց, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն Էմմա Հովհաննիսյանին՝ անզգուշությամբ պատճառելով մահ և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանձնարարություն է տրվել ձեռնարկել օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած ավտոմեքենան, դրա վարորդին, դեպքին ականատես վկաներին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:
Հանձնարարվել է ստուգել դեպքի վայրի հարակից տարածքում առկա տեսախցիկների, ինչպես նաև՝ տեսագրության առկայությունը:
Կատարվում է նախաքննություն: