Երևանի Շինարարներ փողոցի շենքերից մեկի դիմաց 2014 թվականի օգոստոսի 3-ին' ժամը 23.30-ի սահմաններում, քաղաքացի Սարգիս Կ.-ն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Ալմաստ Ջ.-ին'անզգուշությամբ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Ալմաստ Ջ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ 2014 թվականի օգոստոսի 10-ին, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով գիտակցության չգալով, մահացել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատավական ծառայությունից, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով' քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: