ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սեպտեմբերի 10-ին Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի սաների թունավորման վերաբերյալ ահազանգ է ստացել: Նախնական տվյալներով՝ թունավորված դպրոցականները 20-ն են՝ հիմնականում հինգերորդ դասարանից բարձր տարիքի:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, տեսուչներն անմիջապես այցելել են դպրոց, այժմ լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառում են կատարում դպրոցի սննդի կետում առկա բոլոր ուտեստներից, ինչպես նաև լվացուկներ՝ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից:

 

ՍԱՊԾ մասնագետներն այցելել են նաև Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեղում տեղեկություններ ստանալու թունավորում առաջացրած հնարավոր սննդամթերքի վերաբերյալ:

 

Հանձնարարվել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը՝ մինչև չպարզվի թունավորման պատճառը և չվերացվեն բոլոր խախտումները: