Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձևի ընդունումը Եվրախորհրդարանի կողմից Բաքվին ուղղված հզոր ուղերձ է: Այս մասին Ստրասբուրգում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միշել Ռիվասին:
«Բանաձևը, որում ասվում է, որ պարոն Ալիևը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, ուժեղ ուղերձ է հղում այս բռնապետությանը: Ոչ ոք չի կարող անպատժելի մնալ մարդու իրավունքների խախտման պարագայում: Նավթային պաշարներից գոյացող փողերը չեն կարող գնել լռություն այնպիսի հիմնարար արժեքների դեպքում, ինչպիսիք են մարդու իրավունքները»,- նշել է պատգամավորը:
Նա ընդգծել է, որ ԵԽ կողմից ընդունված բանաձևը փաստում է, որ Ադրբեջանի հետ Ռազմավարական համագործակցության պայմանագիրը պետք է առկախվի, քանի դեռ Բաքուն որևէ առաջընթաց չի գրանցում մարդու իրավունքների բնագավառում:
«Սա իր ազդեցությունը կունենա նաև Ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի վրա, քանի որ Եվրոպայի համար կարևոր է ոչ միայն տնտեսությունը, այլև արժեքները: Այսինքն, պետք է գործի «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը: Ադրբեջանը պետք է ընդունի այն արժեքները, որոնք կան Եվրոպայում»,- «Արմենպրես»-ին ասել է Ռիվասին:
ԵԽ բանաձևի քննարկումների ժամանակ պատգամավոր Մարիետե Շաակեն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները համակարգված կերպով ավելանում են:
Վերջերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած ԵԽ պատգամավոր Ջորդի Սեբաստիան էլ փաստել է, որ ադրբեջանական բանակը շարունակաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: «Ալիևի վարչակարգը չի ցանկանում ճանաչել հիմնարար իրավունքները և ցանկանում է ապակայունացնել իրավիճակը հարևան երկրներում: Կրկնվող հարձակումներ են իրականացվում Հայաստանի հետ սահմանին»,- նշել է նա:
Եվրախորհրդարանը որոշում է կայացրել չուղարկել դիտորդական առաքելություն Ադրբեջան' հետևելու նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին, քանի որ կարծում է, որ «ներկա պայմաններում դա կլինի ապարդյուն և կարող է ծառայել միայն խորապես աղավաղված ընտրական միջավայրը լեգիտիմացնելուն»:
Եվրախորհրդարանը մարդու իրավունքները խախտող ադրբեջանցի չինովնիկների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառելու կոչ պարունակող բանաձեւ է ընդունել: Բանաձեւի օգտին քվեարկել են նիստին 365 մասնակից խորհրդարանականներից 202-ը:
Բանձեւում նշվում է Ադրբեջանում բռնաճնշումների եւ ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների թվի աճի մասին: Բանաձևի 17-րդ հոդվածում ասվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մեջ մեղավոր ադրբեջանցի չինովնիկների նկատմամբ Եվրամիության կողմից հասցեական պատժամիջոցներ (նաեւ վիզայի արգելք) մտցվելու հարցը: Բացի այդ, Եվրամիությունը պետք է Ադրբեջանի կառավարությանը կոչ անի չեղյալ հայտարարել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը փակելու որոշումը եւ շարունակի այդ կազմակերպության հետ համագործակցությունը: Բանաձևի 21-րդ հոդվածում հեղինակները Եվրամիության երկրներին, ինչպես նաեւ Եվրամիության արտաքին գործերի ծառայությանը կոչ են անում հրաժարվել Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելու մտադրությունից:
Ընդունված բանաձեւի նախագիծը Եվրախորհրդարան է ներկայացրել Լիբերալ-դեմոկրատների խմբակցությունը (ALDE group): Վերջին պահին այն քննարկման է ներկայացվել Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունների անունից: