Արդեն մեկ շաբաթ թուրքական ոստիկանության կողմից շրջափակման մեջ գտնվող թուրքական Ջիզրեում սեփական ժողովրդի նկատմամբ թուրքական իրավապահ մարմինների ատելությունը կրկին դրսևորվել է հակահայկական արտահայտություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական հայտնի «Թարաֆ» պարբերականը հրապարակել է մի տեսանյութ, որում հնչեցվող կրակոցներից հետո ոստիկաններից մեկը հեգնանքով սկսում է բղավել. «Հայերը ձեզնով հպարտանում են: Բոլորդ հայ եք»:

 

Ի պատասխան նման հայտարարությունների' Ջիզրեի բնակիչներից մեկը լացակումած սկսել է բղավել. «Պարոն նախագահ, Ձեզ եմ ձայն տալիս: Արդեն բավական է, պարոն նախագահ, բավական է... Աստծու սիրուն, բավական է»:

 

Ջիզրեում սեպտեմբերի 4-ին ընդունված փողոց դուրս գալու արգելքը շարունակվում է: Ջիզրեի տարբեր հատվածներում շարունակում են լսվել կրակոցների ձայներ: Դադարեցվել է հեռախոսային ցանցի և համացանցի հասանելիությունը: Նշվում է, որ գավառում չկա անգամ էլեկտրականություն: Հացի փռերի մոտ գոյանում են մեծ հերթեր: Հերթական վիրավորների թվում են երեխաներ: Հաց գնելու նպատակով փողոց դուրս եկած 5 տարեկան 3 երեխա ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: Փողոց դուրս գալու արգելքի պատճառով Ջիզրե չեն գնում շտապօգնության հաշվարկները: Մեկ շաբաթվա ընթացքում Ջիզրեում զոհվել է 14 քաղաքացի, շատերը վիրավորվել են:

 

Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը սեպտեմբերի 9-ից ճանապարհ է դուրս եկել Ջիզրե հասնելու համար, սակայն ոստիկանությունը Ջիզրեից 1 կմ հեռավորության վրա վերջնականապես թույլ չի տալիս նրանց մտնել գավառ: Քրդական կուսակցության պատվիրակության կազմում է նաև Ստամբուլից ընտրված հայ պատգամավոր Գարո Պայլանը: Պատվիրակությունը ղեկավարում է կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: