ՀՀ ոստիկանության զորքերի հերթական մարտական հերթափոխն օրերս մեկնել է սահման:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նրանց դիրքեր է ճանապարհել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։
«Դուք մերօրյա հերոսներն եք: Մենք ու ողջ ազգը հպարտանում ենք ձեզնով, որ մեր զինվորների հետ թև ու թիկունք եղած պահպանում եք պետական սահմանը: Բարի և անփորձանք ծառայություն»,- սահմանապահներին ասել է Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետի ելույթից հետո ոստիկանները աղոթել են և երդվել անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը։
Ճանապարհման հանդիսավոր արարողությունն ավարտվեց հանդիսավոր երթով:
Հաջորդ օրը դիրքերից վերադարձել են մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն է հայտնել անձնվիրաբար ծառայության համար:
Սահմանից վերադարձած ոստիկանները մի քանի օր կհանգստանան, հետո կանցնեն հասարակական կարգի պահպանությանը: