Մաշտոց 52 հասցեում գտնվող ԵՊՀ «Հյուրերի տունը» վաճառվել է։

Օրեր առաջ աշխատողները ծանուցագրեր են ստացել, որոնցով վերջիններիս տեղեկացրել են նոյեմբերի 1-ից աշխատանքից ազատված լինելու մասին։

 

Շենքը վաճառվել է 2 մլրդ 2 մլն դրամով՝ «Էս Էռ Հոթել» ՍՊԸ-ին։ Շենքի նոր սեփականատերն «Էս Էռ Հոթել» ՍՊԸ տնօրեն Ստանիսլավ Համբարձումյանն է՝ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) որդին։

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այսօր Ծաղկաձորում ԿԳՆ-ի կազմակերպած սեմինարին, «Հյուրերի տան» վաճառքի մասին հարց ուղղվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նախարարը նախ հիշեցրեց, որ ԵՊՀ-ն հիմնադրամ է և ինքնուրույն է կայացնում իր նյութագույքային հարաբերությունների հետ կապված որոշումները, այնուհետև ասաց, որ բացի այդ եղել է բաց մրցույթ, որին դիմել է մեկ հոգի:

 

Աշոտյանը նկատեց նաև, որ գործարքին տրվում է քաղաքական երանգ և հռետորական հարց բարձրացրեց.ՙ Որ մարդը հանրապետական է չի՞ կարող մասնակցել ինչ որ գործարքի, կամ տնօրինել իր իրավունքներն և ազատությունները՚: