Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով:

 

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը, ուսումնասիրության խմբի ղեկավար Արմեն Սաքապետոյանը, §Սեքյուրիթի դրիմ¦ ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը:

 

«Կարծում' եմ ժամանակն է, որպեսզի մենք որոշակի արդյունքներ ի մի բերենք, տեսնենք դրականը նաև' թերություններն ու բացթողումները, նախանշենք այն ճանապարհները, որոնք կվերացնեն այդ թերությունները և այս խնդրում հստակություն կմտցնեն: Բոլորդ հիշում եք, որ երբ սկսեցին տեղադրվել տեսախցիկները, այդ թվում՝ նաև արագաչափերը, միանգամից նշված սարքավորումների գրանցումներն այնքան շատ էին, որ ոմանց մոտ տարակուսանք առաջացավ: Բայց մասնագետներն ասում էին, որ շատ կարճ ժամանակաշրջանում այդ թիվն անկում կապրի, և այդպես էլ եղավ: Որոշ ժամանակ հետո 70 տոկոսով կրճատվեցին գրանցումները, իսկ դա վկայում է այն մասին, որ եթե ոչ 70 տոկոսով, ապա զգալիորեն կրճատվեցին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Բայց այդ գործընթացն այնպիսին է, որ եթե ամենօրյա ուշադրություն չդարձնենք՝ մեր ձեռքբերումները կարող են կարճ ժամանակում ի չիք դառնալ, և արդյունքում կունենանք զուտ տուգանքներ հավաքելու նպատակ: Ուստի, կարծում եմ, որ մենք շատ կարևոր խնդիր պետք է լուծենք՝ պետք է կարողանանք մթնոլորտը փոխել: Սա ամենակարևորն է, և պետք է կարողանանք դրական վերաբերմունք ձևավորել ճանապարհային երթևեկության բոլոր մասնա կիցների մոտ՝ հենց այդ գրանցումների հետ կապված: Առաջինը՝ եթե վարորդը պետք է բարկանա, ապա պետք է ասի՝ ես եմ սխալվել, հասկանա, որ դա արվում է, առաջին հերթին հենց իր և նաև ուրիշների անվտանգությունն ապահովելու համար: Դա արվում է նրա համար, որպեսզի մեր հանրապետության և նաև նրա մայրաքաղաքի, հյուրերն իրենց զգան ապահով, որպեսզի տեսնեն այն կարգուկանոնը, որ կա մեր հանրապետությունում, մեր Երևանում:

 

Բայց, որպեսզի մենք կարողանանք սրան հասնել, երկու կարևորագույն խնդիր պետք է լուծենք: Երկուսն էլ կապված են արդարության հետ. առաջինը՝ մենք պետք է կարողանանք տարբերակել կոպիտ խախտումներն այն խախտումներից, որոնք մարդիկ համարում են չնչին խախտումներ, և նրանք դա դիտարկում են որպես իրենցից փող գանձելու միջոց: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ տուգանքներն ընդամենը միջոց են մեր նպատակին հասնելու համար: Տուգանելը նպատակ չէ: Չնչին խախտումներ ասելով՝ ես նկատի ունեմ առաջին հերթին, օրինակ, այսպես ասած, այդ հոծ գծերի տրորումը: Նույն ուղղությամբ շարժվող մեքենաների համար նախատեսված հատվածում մինչև խաչմերուկ հասնելն այդ հոծ գծերը տրորելը այդքան շատ մեծ խախտու՞մ է, թե՞ ոչ: Համենայնդեպս, մասնագետների հետ պետք է խորհ րդակցել, տեսնել, արդյո՞ք մեր ճանապարհներին, մեր մայրուղիներին մենք մոտեցել ենք ուշադիր և այդ բոլոր գծանշաններն արել ենք կարգուկանոնով և հարմարավետություն ապահովելու համար, թե՞ ուղղակի արել ենք, որպեսզի ավելի շատ խախտումներ լինեն: Սա շատ կարևոր խնդիր է: Եվ երկրորդ խնդիրը. ակնհայտ է, որ մարդկանց պետք է նյարդայնացնի, երբ իրենք կանգնած են ավտոմեքենաների շարքում և հանկարծ կողքից ինչ-որ մեքենաներ մեծ արագությամբ շարժվում են ու այդ մեքենաները հաճախ կոչվում են, այսպես ասած, օպերատիվ մեքենաներ, մեքենաներ, որոնք արտոնություն ունեն, և ի զարմանս ինձ՝ այդ մեքենաների թվում շատ են արտասահմանյան համարներով մեքենաները: Արտասահմանյան համարներով մեքենաներն ինչո՞ւ պետք է արտոնություն ունենան մեր երկրում: Ի՞նչն է պատճառը, կամ երկրում ինչո՞ւ պետք է այդքան շատ լինեն, այսպես ասած, օպերատիվ ավտոմեքենաները, կամ օպերատիվ համարանիշներ ունեցող ավտոմեքենաները: Ի՞նչ է՝ մենք այդքան օպերատիվ աշխատողնե՞ր ունենք, և ամեն օպերատիվ աշխատող անպայման պետք է այդպիսի մեքենայո՞վ շարժվի:

 

Պարզ է, որ սա մարդկանց պետք է նյարդայնացնի, սա շատ ակնհայտ է չէ՞: Եթե բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամները կամ ընտանիքի անդամները երթևեկում են այնպիսի ավտոմեքենաներով, որոնց համարանիշները վերցված են մեկ այլ մեքենաներից, անհասկանալի է: Այս խնդիրներն ուսումնասիրելու համար ես ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությանը դեռևս հունիս ամսին հանձնարարել էի ամբողջական ուսումնասիրություն անցկացնել և ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները: Հիմա մենք կլսենք պարոն Հովսեփյանի ղեկավարած ստորաբաժանման ուսումնասիրությունների արդյունքները: Վերջում, անշուշտ, կլինեն հանձնարարականներ, կլինեն միջոցառումներ, որոնք մենք կարճ ժամանակում պետք է իրականացնենք, որպեսզի գոնե այս փուլում հասնենք միջանկյալ արդյունքների, և բոլորը տեսնեն մեր նպատակի արդարությունը և ոչ թե առաջին պլան մղեն միջոցը, այսինքն' տուգանքը»,- խորհրդակցության բացման խոսքում ասել է Հանրապետության Նախագահը:

 

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը զեկուցել է Նախագահի հանձնարարությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրված թվային տվյալները, նաև՝ ընտրանքային հետազոտությունների հիման վրա քննարկվող ոլորտում արդիական խնդիրների ուղղություններն ու դրանց շտկման ուղիները: «Հայտնի է, որ ոչ էական խախտումների արձանագրումը և տուգանումը, ինչպես նաև տուգանքների բողոքարկման կարգից բխող անհարմարությունները, տեխնիկական խնդիրների պատճառով կրկնակի տուգանումները վարորդների շրջանում շատ քննարկվող և մեծ խնդիրներ են առաջացրել, որոնք հրատապ լուծումներ են պահանջում, ինչը հաստատվում է նաև մեր ուսումնասիրությունների արդյունքներով:

 

Ի հավելումն դրանց, իմ զեկույցի ընթացքում կներկայացնեմ նաև առաջարկներ և հիմնավորումներ՝ խախտումների արձանագրման և մշակման գործընթացի, մասնավորապես՝ արտասահմանյան համարանիշներով մեքենաների կողմից կատարված բազմաթիվ խախտումների, ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի կատարելագործման, հատուկ տրանսպորտային միջոցների կողմից կատարված խախտումների, տուգանքների բռնագանձման ողջ շղթայու մ նկատված խնդիրների լուծման, ինչպես նաև առանձին, այսպես ասած, ճարպիկ վարորդների կողմից վերջերս սկսված «հնարամտությունների» արդյունքում ճանապարհային ոստիկանության կանոնների խախտման առանձնահատկություններին, դրանց եզրակացություններ տալ, տվյալներ և առաջարկներ ներկայացնել»,- զեկույցի սկզբում ասել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

 

Նեկայացված ուսումնասիրությունների արդյունքներով խորհրդակցության ժամանակ ՀՀ Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է՝ ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ ներգրավելով շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

 

Ապահովել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կազմված վարչական ակտերի բողոքարկման և վերանայման գործընթացի դյուրացումը՝ ներդնելով նաև բողոքարկման էլեկտրոնային համակարգ:

 

Համապատասխան իրավական ակտերի ընդունմամբ սահմանել արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների կողմից կատարվող խախտումների վարույթի (ծանուցման, վճարման, գանձման) առանձնահատկություններ:

Վերացնել ՃՈ ռեգիստրում առկա թերություններն ու բացթողումները, ինչպես նաև համապատասխան իրավական ակտով սահմանել ՃՈ ռեգիստրից օգտվողների և փոփոխություններ կատարողների լիազորությունների շրջանակը:

 

Վերանայել «Հատուկ համարանիշներ» օգտագործողների շրջանակը' բացառելով համապատասխան մարմինների վարչատնտեսական և տեխնիկական աշխատանքներում ներգրավված ավտոմեքենաների հետագա շահագործումը, որպես «հատուկ համարանիշներով» ավտոմեքենաներ:

 

Ապահովել պետական մարմիններին հատկացված և չհաշվառված համարանիշների հաշվառումը:

ՀՀ ոստիկանությանը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը և ՀՀ ԿԲ-ին հանձնարարվել է մշակել, ներկայացնել 1-ին կետում նախատեսված հանձնաժողովի քննարկմանը և ներդնել ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման (գանձման) դեպքերը բացառելու համակարգ:

 

ՀՀ ոստիկանությանը և Օպերատիվ համարանիշներ օգտագործող մարմիններին հանձնարարվել է բացառել օպերատիվ համարանիշները օպերատիվ հետախուզական գործունեության հետ առնչություն չունեցող անձանց տրամադրման, ինչպես նաև իրավասու անձանց կողմից այդ համարանիշների ոչ նպատակային օգտագործման դեպքերը:

 

ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարվել է օրենսդրությամբ կանոնակարգել վարչական ակտերի առաքման փոստային հասցեներում փոփոխություն կատարելու կարգը, բացահայտել առաքման փոստային հասցեներում փոփոխություններ կատարելու չհիմնավորված դեպքերը և իրավական գնահատական տալու նպատակով նյութերը ներկայացնել ՀՀ քննչական մարմիններին:

 

ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ԱԱԾ-ին հանձնարարվել է բացահայտել արտասահմանյան գրանցում ունեցող մեքենաների առանց մաքսային ձևակերպման ՀՀ պետական սահմանը հատելու դեպքերը և ապահովել նման հնարավորության բացառումը:

 

ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է՝ ապահովել ՀՀ ժամանող ոչ ռեզիդենտների ծանուցումը՝ տեսալուսանկարահանող սարքերի միջոցով խախտումների արձանագրման և դրանց հնարավոր հետևանքների մասին, ինչպես նաև քննարկել ՀՀ մաքսային սահմանը ավտոմեքենաներով հատող քաղաքացիների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային մարմիններում առկա տեղեկատվությունը ՀՀ ՃՈ էլեկտրոնային համակարգին փոխանցելու և էլեկտրոնային համակարգերը միմյանց ինտեգրելու հարցը և ապահովել դրա իրականացումը: