Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Բնապահպանության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախարարության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Մինչ այդ, ինչպես պետական կառավարման այլ մարմիններ վերջին շրջանում կատարած իր այցերի ժամանակ, Նախագահն անմիջականորեն շփվել է նախարարության աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով, գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքներով և այդ ստորաբաժանումների առաջիկա ծրագրերով:

 

Նախարարության խորհրդակցությունների դահլիճում՝ իրենց համակարգման ոլորտում գտնվող ուղղություններով իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և հետագա ծրագրերի մասին Նախագահին զեկուցել են Բնապահպանության նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և կենսառեսուրսների կառավարման գործակալության պետը:

 

Նախարար Արամ Հարությունյանը, մասնավորապես, ներկայացրել է 2010-2013թթ. Բնապահպանության նախարարության գործունեության հիմնական արդյունքները՝ առանձնացնելով շրջակա միջավայրի վրա վնաuակար ներգործությունների կանխարգելման, բնական ռեuուրuների ողջամիտ oգտագործման, դրանց վերականգնման, բնապահպանական վերահuկողության, պետական փորձաքննության և թույլտվությունների տրամադրման գործառույթների իրականացման ընթացքի ուղղությամբ աշխատանքներն ու բնապահպանության ոլորտի մի շարք մարտահրավերներ, այդ թվում' ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործող ենթաճյուղերի արագ զարգացման արդյունքում ջրային ռեսուրսների գերշահագործումը: Նախարարը զեկուցել է նաև ս.թ. սեպտեմբերին Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ՝ Արարատի և Արմավիրի մարզերի ապօրինի շահագործվող խորքային հորերի լուծարման ուղղությամբ տրված հանձնարարականի կատարման ընթացքի մասին: Իրավիճակին ծանոթանալուց հետո, Սերժ Սարգսյանը հանձնարարել է հատուկ հսկողության տակ առնել հանձնարարականների կատարման ընթացքը և ամենամսյա պարբերականությամբ զեկուցել իրավիճակը:

 

Նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության ոլորտի զարգացման հեռանկարները կանաչ տնտեսության անցման տեսանկյունից՝ հարցը դիտարկելով 2010թ. ընդունված Բնապահպանության ազգային անվտանգության ռազմավարության շրջանակներում իրականացվող միջոցառումների և նախատեսվող գործընթացների համատեքստում:

 

Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է հասարակայնության և ԶԼՄ-ների հետ նախարարության համագործակցությունն ու այդ շրջանակներում իրականացված աշխատանքները՝ համապատասխան վիճակագրությամբ: Նա զեկուցել է ոլորտում գործունեություն ծավալած բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների ընթացքը, նախարարության հեղինակած օրինագծերի շուրջ կազմակերպված հասարակական լսումների և բնապահպանական փորձաքննության հանձնված նախագծերի վերաբերյալ անցկացված հանրային քննարկումների մասին՝ ներկայացնելով նաև էկոկրթության ոլորտի օրենսդրական հիմքերի և ինստիտուցիոնալ կառուցվածքի բարելավման ուղղությամբ նախարարության իրականացրած միջոցառումները:

 

Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը ներկայացրել է ՀՀ հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների 2014-2020թթ. ծրագիրը, որով նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների էկոլոգիական սահմանների ընդլայնում, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կարգավորում, այս ուղղությամբ միջազգային փորձի կիրառում և այլ երկրների հետ համագործակցության սերտացում:

 

Աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը ներկայացրել է նախարարության կառուցվածքը, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող և նախատեսված ծրագրերը:

 

Զեկույցները լսելուց հետո, Նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին և պատրաստակամություն հայտնել պատասխանել խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն նախարարության գործունեության շրջանակներին: