Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Ծաղկաձորում ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել:

 

 

Ըստ Yerkir.am-ի՝ Ծաղկաձորի «Հացատուն» ռեստորանային համալիրում պատգամավորը որդու հետ խնջույքի է մասնակցել, որի ժամանակ գեներալի որդին ատրճանակը ձեռքին սկսել է պարել, ընթացքում էլ կրակոցներ արձակել:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը լուրը ճշտելու նպատակով տեղում զրուցել է «Հացատուն» ռեստորանային համալիրի անձնակազմի հետ:

 

 

Աշխատակիցները հայտնեցին, որ նման միջադեպ չի եղել. «Սեյրան Սարոյանի ընտանիքի անդամները մեր ռեստորանում վերջին անգամ եղել են օգոստոսի 28-ին. նշել են պատգամավորի թոռնիկի տարեդարձը: Գեներալը ներկա չի եղել միջոցառմանը, քանի որ այդ օրերին արտասահմանում է եղել, իսկ տարեդարձի տոնելն անցել է առանց միջադեպերի, միջոցառման ավարտին էլ մեծ հրավառություն է եղել»:

 

 

Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկն էլ ավելացրեց, որ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն ու իր ընտանիքի անդամները հաճախ են այցելում «Հացատուն» ռեստորան, բայց երբևէ պատգամավորի որդիների կողմից իրենք որևէ անշնորք պահվածքի, անախորժ միջադեպի ականատես չեն եղել, նրանք մշտապես եղել են պարկեշտ և հարգալից բոլորի նկատմամբ։