«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում:


«Սիրելի հայրենակիցներ,

 

Շուտով կտոնենք Հայաստանի Հանրապետության անկախության քսանչորսերորդ տարեդարձը: Մենք քսանչորսերորդ տարեդարձը տոնում ենք մեկ միլիոնից ավելի ՀՀ քաղաքացիների արտագաղթմամբ, շուրջ 5 միլիարդ դոլարով ծանրաբեռնված պարտքով ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև մտնում ենք այս փուլ բռնազավթված իշխանությամբ: Դեռ ավելին՝ բռնազավթված իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ցանկանում է երկարաձգել իր իշխանությունը ևս տարիներ, և դրա համար «Սահմանադրական բարեփոխումներ» ծխածածկույթի ներքո նախաձեռնել է հանրաքվե: Հանրաքվեի օրը Սերժ Սարգսյանը փորձելու է ապացուցել ՀՀ քաղաքացիներին, որ ինքն է Հայաստանի Հանրապետության միանձնյա տերը և իր խմբակն է շարունակելու բռնազավթված իշխանությունը պահել իր ձեռքում և կրկին հարստահարել մեզ, այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում չմնան ՀՀ քաղաքացիներ:

 

Այդ իսկ պատճառով՝ մինչ նրա կողմից հանրաքվեի օրը նշանակելը՝ մենք՝ բոլորս, պետք է համախմբվենք և ցանցային ըմբոստության միջոցով պետք է ցույց տանք Սերժ Սարգսյանին, որ նրան չի հաջողվելու այս անգամ ևս բռնազավթել ՀՀ իշխանությունը: Դրա համար մենք ունենք վառ օրինակներ: Վառ օրինակներից են մեր ինքնապաշտպանության դեպքերը և փաստերը, որոնցից ամենավառ ապացույցը Սարդարապատն էր: Երբ չունեինք հստակ ընդգծված առաջնորդներ, բայց ունեինք հստակ կամք, որ պաշտպանում ենք մեր հայրենիքը, մեր հողը բռնազավթիչներից:

 

Այսօր եկել է այդ պահը: Բոլորս դուրս ենք գալիս փողոց, բոլորս մեր բակերում, գյուղերում, քաղաքներում ստեղծում ենք ինքնապաշտպանական խմբեր և դուրս ենք գալիս՝ պաշտպանվելու բռնազավթիչների հարձակումներից: Հարձակումը տեղի է ունենալու հանրաքվեի օրը, բայց, մինչ այդ, մենք պետք է ցուցադրենք մեր անհնազանդությունը և ըմբոստությունը Սերժ Սարգսյանին, որպեսզի նա այդ պլանավորած հարձակումը չկարողանա իրագործել: Դրա համար կան բոլոր նպաստավոր պայմանները: Մենք ունենք հստակ քաղաքական հանրություն, որը պատրաստ է իր քաղաքական իրավունքների համար դուրս գալ փողոց և պաշտպանել իր քաղաքական իրավունքները: Բոլորս դեպի փողոց՝ պաշտպանելու մեր քաղաքական իրավունքը, լինելու քաղաքական ազգ և հնարավորություն ունենալու ընտրելու մեր ուզած անձանց՝ որպես ՀՀ քաղաքացիներ, որոնք պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը:

 

Հետևաբար՝ բոլորս միահամուռ դուրս ենք գալիս փողոց»: