Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալն ընդդիմադիր կամ այդպիսին ձևացող մասսային ծամելու մեծ նյութ տվեց. ամենուր հերոսական ճոռոմ ճառեր, Ծառուկյանին դատափետելու հիթ շքերթ, որովհետև մեր կեղծ ընդդիմադիրների մոտ միակ բանը, որ ստացվում է, մարդկանց «փուռը տալն» ու դժվարին պահին միայնակ թողնելն է:

 

Մինչդեռ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո հազարավոր հրապարակումներ եղան, խրոխտ ելույթներ, թե տեսեք ինչեր ենք անելու,մենք երբեք չենք դավաճանի մեր սկզբունքներին, Սերժի հանցավոր վարչակազմի հետ մենք ընդհանուր ոչինչ չունենք:


Ինչպես հայտնի ֆեյսբուքյան թևավոր խոսքն է ասում՝ իսկ թե ինչ եղավ հետո՝ հուզիչ էր:


Այդ սկզբունքային, Ծառուկյանի հետքայլը դատափետող տղաներն ու աղջիկները հերթեր գոյացրին Բաղրամյան 26-ի մոտքերի առաջ՝ Սերժ Սարգսյանի ձեռքն առաջինը սեղմելու և նրան առաջինը հաճոյանալու աղոտ հույսով: Գագիկ Ծառուկյանը գոնե լուռ հեռացավ՝ իր վրա վերցնելով ամբողջ հարվածն ու նաև այն բաժին պատասխանատվությունը, որը պետք է կիսեին երբեմնի դաշնակից, այսօր նրա հետևից վայրահաչողները: Ի տարբերություն նրանց՝ Ծառուկյանը հերթ չկանգնեց Սերժին հանդիպելու համար, այլ քաջություն ունեցավ հեռանալու՝ լուռ տանելով այն աղմուկը, որ սարքեցին այսօրվա «սկզբունքայինները»:

 

Այդքանը չէ՞ր ձեր տղամարդկությունն ու քաջությունը: Մի քանի ամիս տևած ձեր հերոսապատումն այնքան անփառունակ ավարտվեց, որ սկսեցինք անգամ Ծառուկյանին կարոտել:


Սիրուն չէ, տղաներ և աղջիկներ:

Արամ Հակոբյան