Եվրոպացի պաշտոնյան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումներով: Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ, ԵԽ լեհ պատգամավոր Եժի Բուզեկն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի քայլերն առավել մտահոգիչ են դառնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների' խաղաղության հասնելու ջանքերի ֆոնին: «Երեկվա միջադեպը մտահոգիչ է, ես դատապարտում եմ նման քայլերը, որոնք հանգեցրել են մարդկային կյանքերի կորուստների: Ադրբեջանի հարձակումը իր ինքնիշխան հարևան Հայաստանի վրա առավել մտահոգիչ է դառնում' հաշվի առնելով, որ դա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության հաստատման բանակցությունների միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերի արդյունքում կայանալիք հանդիպման նախօրեին»,- ասել է Բուզեկը:
Ադրբեջանական կողմի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը' վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են՝ 1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ' Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը: