Ժամանակն է եկել, որպեսզի օրակարգից դուրս մղվի ազգադավ Վահան Մարտիրոսյանը, ով Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ նման կարծիքի է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

 

Ըստ նրա՝ Վահան Մարտիրոսյանը փորձել է մեկ կրակոցով երկու նապաստակ խփել. նախ նրա արարքն ինչ-որ PR գործողություն էր և այս կերպ ամբողջ Հայաստանը ճանաչեց նրան, բացի այդ, նա մութ գործերի և ֆինանսական «մախինացիաներ» մեջ էր: Պետք չէ այսքան շատ անդրադառնալ այդ անձին: Մենք նրա մասին խոսում ենք, այդ մարդու անունը մնում է օրակարգում»,- ասաց Սարգիս Ասատրյանը և նկատեց, որ այնպիսի մարդիկ կան, որոնց համար քննադատությունը և հայհոյանքը լուրջ խնդիր չէ:

 

Ըստ Ասատրյանի՝ ադրբեջանական հասարակությունը տարբեր կերպ է ընդունել Վահան Մարտիրոսյանին, նրանց մի մասը համարել է, որ դավաճանը դավաճան է՝ անկախ նրանից թշնամի է, թե ոչ, կամ հարց են բարձրացրել. «Գժվե՞լ է այս մարդը, որ փախչել ու եկել է մեզ մոտ՝ իբրև «ժողովրդավարության» բնօրրան»:

 

«Քանի որ Ադրբեջանում ԶԼՄ-ների մեծ մասը գտնվում է իշխանական բուրգի վերահսկողության ներքո, բնական է, որ այս ամենը նրանք օգտագործեցին իրենց քարոզչական նպատակներով, օրինակ, «Հայաստանում այնքան վատ է, որ մարդիկ փախչում են մեզ մոտ» ստանդարտ քարոզչական թեզն առաջ քաշվելով»:

 

Նկատեց նաև, որ ադրբեջանական քարոզչամեքենան սա օգտագործեց, պարզապես նրան պետք է հանել մեր օրակարգից և հասկանալ, որ ինչ դրդապատճառ էլ նա ունեցել է՝ փախչելու համար թշնամական երկիրը, լավագույն տարբերակը չէր: