Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցնի բարձր մակարդակով և լինի թափանցիկ: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մայր օրենքի փոփոխությունների հանրաքվեն չի կարող այլ ճանապարհով անցնել. հանրաքվեն պետք է լինի բարձր մակարդակով և թափանցիկ, որովհետև հակառակ դեպքում դա կարող է շատ վտանգավոր լինել մեր երկրի հետագա զարգացման համար: Եվ ոչ միայն «Հանրապետականը», այլ նաև բոլոր քաղաքական ուժերը, հանրությունը պետք է անեն ամեն ինչ, որպեսզի հանրաքվեն կազմակերպվի և անցկացվի բարձր մակարդակով և թափանցիկությամբ»,- նշեց Բաղդասարյանը:

 

Նա հավելեց, որ դա շատ կարևոր սկզբունք է, որը դրվել է «Հանրապետական» կուսակցության կողմից: Բաղդասարյանը հույս հայտնեց, որ այդ սկզբունքը պաշտպանում են բոլոր քաղաքական ուժերը:

 

Պատգամավորը չժխտեց, որ, 90-ականներից սկսած, Հայաստանում ընտրություններն անցել են խախտումներով, եղել են բացասական երևույթներ՝ միևնույն ժամանակ փաստելով, որ իշխանությունները գնալով վերացնում են թերությունները: «Ես վստահ եմ, որ կգա ժամանակը, երբ մենք կունենանք իդեալական ընտրական համակարգ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: