Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը սեփական երկրի պաշտպանության նախարարության՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սադրանքները փորձում է բարդել հայկական կողմի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրադադարի մասին համաձայնագիրը խախտելու և քաղաքացիական բնակչության գնդակոծությունների հետ կապված, որրոնց հետևանքով վերջին օրերին հայկական կողմից 3 կին է զոհվել, Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փաստերով հիմնավորված տեղեկությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ը հանդես է եկել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումից առաջ իրենց իսկ կողմից սանձազերծված սադրանքները հայկական կողմերին վերագրելու հերթական հայտարարությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե հայկական կողմը, իբր, «խախտում է հրադադարը' նպատակ ունենալով խանգարել բանակցությունների գործընթացի առաջընթացին»:
Այնինչ, Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես միշտ, լրջորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի գծով իրենց ստանձնած պարտավորությունները, շարունակում են քաղաքացիական բնակչության դեմ նպատակուղղված գործողությունները:
Կրակակետերը հատուկ տեղակայելով քաղաքացիական օբյեկտներում և նրանց մոտ, Ադրբեջանն ընտրել է հակամարդկային մարտավարություն, և կրակ բացելով հայկական կողմերի ԶՈւ դիրքերի վրա, իր քաղաքացիական բնակչությանը դարձրել է պատասխան կրակի թիրախ: Քաղաքացիական անձանց և օբյեկտների օգտագործումով ահաբեկիչներին հատուկ այդ մարտավարությունն առաջին հերթին հանդիսանում է ռազմական հանցագործություն Ադրբեջանի քաղաքացիների դեմ:
ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վրդովմունք է հայտնել Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների: «Այդ կերպ սրելով իրավիճակը, Ադրբեջանը կասկածի տակ է դնում հանդիպումների նպատակահարմարությունը և խոչընդոտում է բանակցային գործընթացին», -ասել է նախարար Նալբանդյանը' շեշտելով, որ Ադրբեջանը հերթական սադրանքով է արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի' Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին:
Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը' վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են՝ 1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ' Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը: